Մեխիկոյի ոստիկանությունը ձերբակալել է Heaven բարի սեփականատիրոջը, որտեղից 12 այցելուներ էին անհետացել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Իրավապահ մարմիններից հաղորդել են, որ Էռնեստո Էսպինոզա Լոբոն ձերբակալվել է թմրանյութերի դեմ պայքարին ուղղված գործողության շրջանակում։ Նրանից բացի եւս 8 մարդ է ձերբակալվել։
Հունիսի սկզբին ոստիկանությունն այս գործով Heaven բարի երկու մատուցողների եւ մի կնոջ էր ձերբակալել։ Քաղաքային իշխանությունները կորածների մասին տեղեկության դիմաց 7,5 հազար դոլար պարգեւավճար են խոստանում։
Heaven բարի 12 այցելուներն անհետացել էին մայիսի 26-ի առավոտյան։ Ականատեսի խոսքով՝ զինված դիմակավոր անձինք ներխուժել էին բար եւ 12 մարդու բռնությամբ տարել իրենց հետ։ Միայն մեկին էր հաջողվել փախչել, սակայն հետո պարզվել էր, որ տղամարդը հարցաքննության ընթացքում հորինված անուն, հեռախոսահամար ու հասցե է հաղորդել, ինչի պատճառով ոստիկանությունը չի կարողանում գտնել նրան։



























