Մարտի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ժամանակ նրանք հիմնականում քննարկել են մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը։
Ադրբեջանի նախագահը, ում նախաձեռնությամբ էլ եղել է հեռախոսազրույցը, բողոքել է որոշման դեմ եւ համարձակորեն դատապատել այն։ Ալիեւի բնութագրմամբ՝ որոշումն անարդար է եւ կոպտորեն խեղաթյուրում է պատմական ճշմարտությունը, ինչպես նաեւ նպաստում տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է եւ կշարունակի նրան ամբողջապես սատարել։ Ալիեւը վստահորեն նշել է, որ «Հայերը պատմության տարբեր ժամանակաշրջաններում ցեղապսանել են թուրքերին եւ ադրբեջանցիներին, եւ նրանց ներկայիս փորձը խեղաթյուրելու պատմությունը, կձախողվի եւ չի ընդունվի միջազգային հանրության կողմից»։
Իր հերթին, Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերոջ դիրքորոշումը եւ երախտապարտություն հայտնել նրան։
АзерТАдж-ի հաղորդմամբ, զրույցի ընթացքում նրանք նաեւ փոխանակել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին մտքեր։



























