ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սթարք քաղաքում աթեիզմի հուշարձան են կանգնեցրել: «Ամերիկայի աթեիստներ» կազմակերպությունը դատարանի միջոցով հասել է նրան, որ ապամոնտաժվել է աստվածաշնչյան 10 պատվիրաններով քարե սալիկը, սակայն հետ է կանչել հայցը, երբ իրենց թույլ են տվել դրանից ոչ հեռու տեղադրել իրենց հուշարձանը: Հիմա երկու հուշարձաններն էլ գտնվում են Բրեդֆորդի շրջանային դատարանի մոտ գտնվող հրապարակում:
Աթեիստների հուշարձանի բացմանը մասնակցել է մոտ 200 մարդ, որոնց մեծ մասն օգտվելով հնարավորությունից, լուսանկարվել է աթեիզմի հուշարձանի մոտ:
Շուրջ 15 կրոնական ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել փողոցի մյուս մայթին: Նրանք պաստառներ են ունեցել, որոնց վրա գրված է եղել. «Ազդանշան տուր հանուն Հիսուսի», «Յանկիներ, հեռացեք»: Նրանք նաեւ հրապարակ են բերել մի պիկապ, որտեղից ավետարանից հատվածներ են հնչել, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախատեսվում է, որ ողջ երկրով մեկ եւս 50 նման հուշարձաններ կտեղադրվեն: «Ամերիկայի աթեիստներ» կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ իրենք կձգտեն, որպեսզի «ստի կողքին տեղադրեն նաեւ ճշմարտությունը, բարբարոսության կողքին՝ քաղաքակրթությունը»:





























