Մարտի 4-ին Բելգիայի 25 տարբեր կետերում PKK-ի դեմ իրականացրած գործողությունները շարունակում են արձագանքները:

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ` Բելգիայում գործող քրդական ROJ TV-ի աշխատող Ամեդ Դիջլեն կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկանության կողմից ROJ TV-ի գրոհին մասնակցել են Թուրքիայից ժամանած ոստիկաններ: Դիջլեն նշել է, որ ոստիկանները խոսում էին ստամբուլյան բարբառով: Դիջլեի ուշադրությունը գրավել է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանների ձեռնաշղթաները եղել են նույնը, ինչ օգտագործում են Թուրքիայում:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բելգիայում PKK-ի դեմ 300 ոստիկանների մասնակցությամբ գործողությունների ընթացքում ձերբակալվել են 22 հոգի եւ բռնագրավվել մի շարք փաստաթղթեր:

Ձերբակալվածների մեջ են KONGRA-GEL-ի նախագահ Զուբեյր Այդարը եւ փոխնախագահ Ռեմզի Քարթալը, ով Թուրքիայի խորհրդարան էր մտել 1991-ին, որպես DEP-ի պատգամավոր, այնուհետ 1994-ին ձերբակալությունից խուսափելու համար հեռացել էր Թուրքիայից։ Զուբեյր Այդարը նույնպես նախկին DEP-ի (Դեմոկրատական կուսակցություն, որը փակվել է Թուրքիայի ՍԴ-ի կողմից 1994-ին, խմբ.) պատգամավոր է եղել եւ 2004-ից հետախուզման մեջ է։

Բելգիայում տեղի ունեցաղ իրադարձությունների պարզաբանման համար Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայում Բելգիայի դեսպանից հանդիպում է պահանջել: