Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանն ասել է, թե խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ չի համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է:
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանգամանորեն ներկայացրել են բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները` շեշտելով, որ դրանցից գլխավորը կուտակային համակարգի ներդրումն է, որի նպատակը կենսաթոշակային տարիքից հետո քաղաքացիներին բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելն է: Նրանք նաեւ ասել են, որ առաջարկվող մոդելը հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձը եւ հնարավորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրումը համադրել սոցիալական համերաշխության սկզբունքի հետ:
Ընդունելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարեւորությունը` խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ներկայացրել են իրենց նկատառումները, առաջարկություններն ու մտահոգությունները:
Նախագահ Սարգսյանը ամփոփելով խորհրդակցության արդյունքները` համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ, եւ կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության ժամանակ:Երկրի ղեկավարն ընդգծել է կատարվելիք բարեփոխումների էությունը հասարակությանը հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն հաջողության կարեւոր գրավականերից է:



















