Այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին N252 բանաձեւը, թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցն ավելի բարդացավ, կարծում է թուրքական Today’s Zaman թերթը։

Հրապարակման մեջ նշվում է, որ մինչեւ այդ բանաձեւի ընդունումը թուրք ընդդիմադիրներն արդեն իսկ դեմ էին արձանագրությունների վավերացմանը։ Այժմ նրանց նման է մտածում նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։ Այնուհետեւ թերթը բերում է կուսակցության փոխնախագահ Սուաթ Քըլըչի խոսքերը. «N252 բանաձեւի ընդունումը կազդի փաստաթղթերի խորհրդարանական քննարկումների վրա»։ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Քյուրշաթ Աթըլգանն էլ իր հերթին ընդգծել է, որ արձանագրությունների առնչությամբ ԱՄՆ փորձում է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա։

Այնուհետեւ Today’s Zaman-ն ընդգծում է, որ եթե նույնիսկ կառավարությունը բարձրացնի արձանագրությունների վավերացման հարցը, խորհրդարանը կհրաժարվի անել դա, քանի որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները նեղացած են Սպիտակ տնից. «Թուրքիան ամբողջ ուժով փորձում էր տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել, սակայն ԱՄՆ Կոնգրեսի որոշումը չի տանում դրան։ Քանի դեռ Հայաստանն ու ԱՄՆ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլեր չանեն, արձանագրությունները խորհրդարանում չեն քննարկվի»,- պատմաբան եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյնեփ Դաղիի խոսքերն է մեջբերում թերթը։