Հուլիսի 22-ին ՎՏԲ բանկի Բաղրամյան 56 հասցեում գործող մասնաճյուղի վրա հարձակում կատարած վրացի հանցագործները Երեւանում նաեւ բնակարանային գողություններ են կատարել:
Մասնավորապես հուլիսի 5-ին նրանք կողոպտել են Նազիկ Բ.-ին պատկանող բնակարանը: Նազիկ Բ.-ն հուլիսի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ իր բջջային հեռախոսահամարին բնակարանի անվտանգության համակարգից զանգ է ստացվել: Նա երբ վերադարձել է տուն, նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, դուռը կիսաբաց վիճակում է, սակայն բնակարանը ստուգելուց հետո պարզել է, որ ոչինչ չեն գողացել:
Հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են հուլիսի 22-ին Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու համար հաջորդ օրը հայտնաբերված եւ ձերբակալված Դ.Աբուլաձեն, Ռ.Գուլբատաշվիլին, Թ.Դավիթաշվիլին եւ Դ.Աբուլաձեն:
Ոստիկանությունը նաեւ պարզել է, որ վերջիններս հուլիսի 21-ին գողություն են կատարել Բայրոնի փողոցի 8 շենքի թիվ 6 բնակարանից:



















