Թուրքական Bugun պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի հաղթաթղթերի ցանկը։

- ԱՄՆ-ում հայկական բանաձեւի ընդունումը թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի հետ կապված ռիսկային սցենարներ է բերել։

 — ԱՄՆ-ն Իրաքում իր զորքերի համար անհրաժեշտ վառելիքը ստանում է Թուրքիայից։ Վառելիքի 70 տոկոսը տեղափոխվում է Ինջիրլիքի ռազմաօդային բազայից։

- Իրաքը խմելու ջրի մոտ 20 տոկոսը Թուրքիայից է ստանում։ Դեռեւս Իրաքում եւ Աֆղանստանում գործողությունների համար զինվորական ինքնաթիռների թույլտվությունը Թուրքիան է ապահովում։

- Հյուսիսային Իրաքի էլեկտրականության լուրջ մի հատվածը Թուրքիան է մատակարարում։

- ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ռազմական ոլորտում կան միլիարդավոր դոլարի հասնող համաձայնագրեր, որոնք կարող են չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել։

- ԱՄՆ-ը Թուրքիայից Աֆղանստանում պահանջում է թե զինվորական, թե վարչական օգնություն։ Թուրքիան դեռեւս հստակ պատասխան չի տվել։

- Թուրքիան Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային ճգնաժամի ամենակարեոր միջնորդն է։ ԱՄՆ-ը կարող է այս հնարավորությունը ձեռքից բաց թողնել։

- ԱՄՆ-ը 2011-ին Իրաքից հեռանալիս պետք զինվորականների եւ տեխնիկայի փոխադրման համար ստանա Թուրքիայի աջակցությունը։

- Եթե հայկական բանաձեւը օրենքի ուժ ստանա՝ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի խորհրդարանում,-եզրափակում է թուրքական Bugun-ը։

Այս ցանկը կարդալուց հետո կարելի էր հարց ուղղել Թուրքիան, որպես ռազմավարական գործընկեր, կորցնելու հանգամանքից վախեցած ամերիկացի պետական բարձրաստիճան պաշտոնյաներին եւ կոնգրեսականներին, ԱՄՆ-ը արդյոք չափից դուրս շատ լծակներ չի՞ տրամադրել իր «ռազմավարական գործընկերոջը», որոնք մի գեղեցիկ օր կարող են միանգամից դրանք շուռ տալ հենց իր՝ ԱՄՆ-ի դեմ։ Կապ չունի, թե ԱՄՆ-ի դեմ տրամադրվելու հարցում որ հանգամանքն է պատրվակ դարձել Թուրքիայի համար՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունո՞ւմը, թե՞, ասենք, արաբա-իսրայելական խնդիրը։ Պատմությունն է արդեն բազմիցս ապացուցել, որ Թուրքիան կդավաճանի ցանկացած հավատարիմ դաշնակցի, եթե գտնի, որ այդ պահին դա բխում է իր շահերից, վկա հենց թեկուզ երկու համաշխարհային պատերազմները։