Հայաստանի զբոսաշրջության գործակալությունները օնլայն համակարգերով գործելու արդյունքում նվազեցրել են թղթաշրջանառությունը եւ հավելյալ զանգերի քանակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Insight» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Ղազարյանը՝ ավելացնելով, որ զբոսաշրջության կազմակերպությունները հաճախորդներից երբեմն անկանոն տեղեկատվություն են ստանում, ինչի արդյունքում ամբողջովին պարզ չի լինում անձի վերաբերյալ ստացված տեղեկույթը։ «Ստացված տեղեկույթի դասակարգման համար բավական երկար ժամանակ եւ հավելյալ միջոցների օգտագործում է պահանջվում, իսկ ներդրված CRM օնլայն համակարգերի միջոցով տրված տեղեկույթը բավականին ճշգրիտ է լինում»,-ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, որ օնլայն համակարգեր օգտագործող զբոսաշրջության գործակալությունները արդյունքում ամսվա կտրվածքով կրճատում են թղթաշրջանառության վրա վատնվող ժամանակից 175 ժամ, իսկ հավելյալ հեռախոսազանգերից՝ 100 ժամ։
Ղազարյանի խոսքով՝ նախկինում զբոսաշրջիկների մասին տեղեկությունները գրվում էին բաց տեքստի միջոցով, իսկ համակարգով լրացված տվյալները գործակալությունը ստանում է դասավորված, ինչն էլ փոխանցվում է ընկերության տվյալների բազա։
Ըստ նրա՝ նման համակարգերի ստեղծման պահանջարկը եղել է հենց զբոսաշրջության կազմակերպություններից, քանի որ կայք ունենալուց եւ ծառայություններն առաջ մղելուց հետո զբոսաշրջության կազմակերպությունները սկսեցին ստանալ մեծ քանակությամբ պատվերներ եւ ավելի կարեւորեցին իրենց բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառումը։



























