Մեծ Բրիտանիայի պետական հեռուստատեսությունը մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամսին առաջին անգամ կհեռարձակի` մուեձինի աղոթքի կոչը: Այս մասին հաղորդել է Channel 4 ալիքի տեղեկատվական ծրագրերի տնօրինության ղեկավար Ռալֆ Լին:
Նման որոշում հեռուստաալիքի ղեկավարությունը կայացրել է թագավորության տարածքում միջկրոնական հարաբերությունների սրվելու ֆոնին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին իսլամիստները սպանել էին թագավորական զորքերի զինվոր Լի Ռիգբիին: «Այժմ շատ հարմար ժամանակ է, որպեսզի զուսպ մահմեդականները արտահայտվելու հնարավորություն ունենան: Նրանք Մեծ Բրիտանիայում իսլամի հետեւորդների մեծամասնություն են կազմում»,-Լիի խոսքը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 9-ից այս տարի սկսվում է Ռամադանը, Channel 4-ն ամեն օր տեղի ժամանակով 03:00-ին հեռարձակելու է մուեձինի երգեցողությունը: Աղոթքին կնախորդի 20 վայրկյանանոց հոլովակ, որը ոչ մահմեդական բրիտանացիներին կհիշեցնի, որ սկսվել է մահմեդական պասը:
Համաձայն 2011թ ազգային մարդահամարի տվյալների` մահմեդականությունը Մեծ Բրիտանիայում քրիստոնեությունից հետո լայն տարածում ունեցող երկրորդ կրոնն է: Նրանց թիվը կազմում է 2,7 մլն, կամ բնակչության 4,8 տոկոսը:





























