Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ի ժամանակ Ռուսաստանը ներկայացնելու է Պյոտր Նալիչի երաժշտական համույթը: Ռուսաստանյան մրցույթը կայացել է երեկ երեկոյան, որին մասնակցել են 25 կատարողներ ու համույթներ:
Ընտրությունը կատարվել է հեռուստադիտողների հեռախոսազանգերով ու SMS քվեարկությամբ, պրոֆեսիոնալ ժյուրիի մասնակցությամբ: Խմբին հաղթանակ է բերել «անհաջողակ» 13-րդ համարը եւ դժբախտ սիրո մասին Lost and Forgotten (Կորցված ու մոռացված) երգը: «Մենք խոստովանում ենք, որ մեր խումբը այնքան էլ Եվրատեսիլի ձեւաչափում չէ եւ ցանկանում ենք մեր ելույթով ցույց տալ, որ էստրադան անհամեմատ բազմատեսակ է»,- ասել է Պյոտր Նալիչը:
29-ամյա Նալիչը մասնագիտությամբ ճարտարապետ է, որպես երաժիշտ հայտն է դարձել 2007-ի գարնանը, երբ YouTube-ում տեղադրել է ինքնուրույն պատրաստած տեսահոլովակը, որը մեկ ամսվա ընթացքում դիտել են 70 հազար մարդիկ:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ-2010-ը կայանալու է մայիսի 25-29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը այդ մրցույթում ներկայացնելու է Եվա Ռիվասը Apricot stone (Ծիրանի կորիզ) երգով:



























