Հարավամերիկյան ազգերի միությունը (UNASUR) հայտնել է արտակարգ գագաթաժողով գումարելու մտադրության մասին, որտեղ քննարկվելու է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի հետ կապված միջադեպը:
Գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին` Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում: Հանդիպմանն իրենց մասնակցությունը հաստատել են Բոլիվիայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Էկվադորի նախագահները, UNASUR-ի մյուս յոթ անդամների մասնակցության հարցը կպարզվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի գիշերը օդանավը, որով Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը վերադառնում էր Մոսկվայից, հարկադիր վայրէջք էր կատարել Վիեննայում, քանի որ Ֆրանսիան, Իտալիան եւ Պորտուգալիան փակել էին իրենց օդային տարածքը: Հաղորդվել էր, որ նման վճիռ էր կայացվել՝ ելնելով այն մտավախությունից, որ Մորալեսի օդանավում է գտնվում Էդվարդ Սնոուդենը:
Բոլիվիայի նախագահի օդանավում Սնոուդենին են փնտրել
Ավստրիայի իշխանությունները խուզարկել են Բոլիվիայի նախագահի օդանավը
Էվո Մորալեսի օդանավի հետ կապված դեպքն առաջացրել է զայրույթի ալիք ինչպես Բոլիվիայում, այնպես էլ Հարավային Ամերիկայի այլ երկրներում: Բոլիվիայի օրենսդիր մարմնի անդամները առաջարկել են երկրից արտաքսել Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի դիվանագետներին: Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները կատարվածն անվանել է «չափազանց ստորացուցիչ», իսկ Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտնել է, որ դա «մահափորձ էր նախագահ Մորալեսի դեմ», հաղորդում է lenta.ru-ն:
Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են կատարվածը: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ օդանավի ուղեւորների մասին «հակասական տվյալներ» էին ստացվել:



























