Իրաքում մարտի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները եւս մեկ կարեւոր ձեռքբերում դարձան Իրաքի լիակատար ժողովրդավարացման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Իր հայտարարությամբ նա շնորհավորել է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին ընտրությունների կապակցությամբ, որոնք երկրորդն էին Սադդամ Հուսեյնի վարչախմբի կործանումից հետո:
«Չնայած ծայրահեղական չարագործների փորձերին, այդ ընտրությունները եւս մեկ կարեւոր ձեռքբերում դարձան Իրաքի լիակատար ժողովրդավարացման ճանապարհին»,- նշել է Ռասմուսենը:
Կայացած ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նա շնորհավորել է բոլոր իրաքցիներին, «որոնք նման դժվար պայմաններում իրացրին իրենց սահմանադրական իրավունքը»։
Հիշեցնենք, որ չնայած անվտանգության խիստ միջոցներին, մարտի 7-ի ընտրություններն ուղեկցվեցին ահաբեկչական գործողություններով, որոնք 38 մարդու կյանք խլեցին, եւս 100-ը վիրավորվեցին: Այդուհանդերձ, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմեց 62,3 տոկոս, ինչը ըստ ՄԱԿ-ի առաքելության, գերազանցեց բոլոր սպասելիքները:
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 11-ին կամ 12-ին:



























