Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մուհամեդ Ալին կոչ է արել ցուցարարներին լքել հրապարակը եւ ցրվել իրենց տները՝ խոստանալով, որ զինվորականները որեւէ արտակարգ միջոցներ չեն կիրառի նրանց նկատմամբ:
«Բոլոր հրապարակներում գտնվողն ցուցարարները կարող են ցրվել՝ չանհանգստանալով, որ կարող են հետապնդվել»,-ասել է ԶՈՒ ներկայացուցիչը, հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:
Միաժամանակ, Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը սպառնացել են «ամենախիստ միջոցները ձեռնարկել» այն անձանց նկատմամբ, որոնք կփորձեն ապակայունացնել երկրում տիրող մթնոլորտը: Այս մասին զինված ուժերի ներկայացուցչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչ Աբդել Լաթիֆը: Նրա խոսքով՝ բանակն ու ոստիկանությունն աշխատում են համագործակցելով եւ անում են ամեն հնարավորը՝ ժողովրդի եւ պետության անվտանգությունն ապահովելու համար:
«Սակայն կան տարրեր, որոնք չեն ցանկանում անվտանգություն, հակառակը, ուզում են ապակայունացնել իրավիճակը: Նրանց նկատմամբ օրենքի շրջանակներում կկիրառվեն ամենախիստ միջոցները»,-ասել է Լաթիֆը, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Նա հաստատել է, որ մարդկանց զինված խումբը հարձակվել է հանրապետական գվարդիայի շտաբի վրա: Լաթիֆի խոսքով՝ բախումների ընթացքում զոհվել է ՆԳՆ երկու աշխատակից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ բախումների ժամանակ, ընդհանուր առմամբ, զոհվել էր 42 մարդ:



























