Հայ բժիշկների հաջորդ համաշխարհային համագումարը տեղի կունենա 2015 թվականին՝ Երեւանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Լոս Անջելեսում, Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի պաշտոնական փակման ժամանակ նշել է Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նա բարձր է գնահատել համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել եւ լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների ելույթները։ Նախարարը կարեւորել է, որ համագումարի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի եւ բժշկական կրթության արդի խնդիրները եւ զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հուլիսի 3-ին մեկնարկած Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` համագումարի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։
Համագումարի աշխատանքներին մասնակցել են մոտ 400 բժիշկներ եւ բուժքույրեր աշխարհի տարբեր երկրներից։





























