Հայաստանի մարզերում ակնաբուժական հինգ կենտրոններ կստեղծվեն. ակնաբուժական ստացիոնար առաջին ծառայությունը կկազմակերպվի Տավուշի մարզում: Այս հարցը քննարկվել է Լոս Անջելեսում, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի եւ ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի շրջանակներում:

Ռոջեր Օհանեսյանի աջակցությամբ արդեն 20 տարի Հայաստանում «Լույս հայի աչքին» ակնաբուժական նախագիծն է իրականացվում։ Այս ծրագրի շրջանակներում աչքի շարժական հիվանդանոցն անցած տարիների ընթացքում բազմաթիվ այցեր է կատարել Հայաստանի մարզեր եւ Լեռնային Ղարաբաղ։ Ռոջեր Օհանեսյանի հետ քննարկվել է նաեւ այդ կենտրոնների սարքավորումների ձեռքբերման եւ մասնագետների կրթության հարցերը։

Նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ-ի Բոսթոնի համալսարանի պատվավոր նախագահ Արամ Չոբանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են  հետդիպլոմային բժշկական կրթության մասնագիտական ծրագրերը, ինչպես նաեւ Հայաստանի բժշկական կադրերին կրթության եւ վերապատրաստման նպատակով Բոսթոնի համալսարան գործուղելու հարցը։ 

ԱՄՆ-ում ճանաչված ուռուցքաբան Ներսես Չեքմեջյանի հետ հանդիպման ժամանակ նա (ներքին բժշկության եւ ուռուցքաբանության ամերիկյան գլխավոր հանձնաժողովի անդամ է) պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի աշխատանքների կազմակերպման ընթացքում։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Լոս Անջելեսում կայացած համագումարի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ եւս ունեցել է։ Ջոն Բիլեզիկյանի հետ քննարկվել է Հայաստանում նոր ծրագրի իրականացման նախատեսումը, որի շրջանակներում կիրականացվի բնակչության սկրինինգներ զարկերակային ճնշման, ինչպես նաեւ ոսկրերի խտության չափում՝ կոտրվածքների հնարավորության հայտնաբերման եւ դրանց կանխարգելման նպատակով։