Հանգստյան օրերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ախթալա-Հաղպատ, ինչպես նաեւ Քոբեր-Սանահին գծամասերում միանգամից երկու արտակարգ դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները բախվել են երկաթգծերի վրա գտնվող խոշոր եղջերավոր անասուններին:

Երեւանից մեկնող գնացքը չի կարողացել կանգ առնել, իսկ Բաթումից մեկնողը կտրուկ արգելակել է` տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարությունը բնակչությանը զգոնության կոչ է անում, նշելով, որ մեկ օրվա մեջ գրանցված երկու դեպքն արդեն լուրջ ահազանգ է: Լրագրողների հետ զրույցում, ընկերությունից հայտնել են, որ միայն երջանիկ պատահականությամբ է, որ 100-ից ավել ուղեւորները չեն տուժել եւ նշված երկու դեպքերն էլ ավարտվել են առանց լուրջ հետեւանքների:

Հարկ է նշել, որ միայն այս տարի վրաերթերը կանխելու նպատակով գնացքների կտրուկ արգելակման 8 դեպք է գրանցվել, մարդկանց մասնակցությամբ վրաերթերի 4, անասունների`12, մեքենաների` 3 դեպք:

Ստեղծված իրավիճակում մեղքի հիմնական բաժինը բնակիչներինն է, քանի որ նրանք շատ հաճախ անցնում է գծերի վրայով: Երկաթուղու տնօրինությունը բնակչությանը հորդորում է հեռու մնալ գծերից, չքայլել դրանց վրայով, իսկ անասուններին արածեցնել բավականաչափ հեռու: