Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է պոլսահայերից բաղկացած մի խմբի, որը քաղաքի Քումքափը թաղամասի ձկնորսական ընկերություններին բարձր տոկոսներով փող էր տալիս: Այս մասին տեղեկացնում թուրքական «Ilhas haber» կայքէջը։

Խումբը մեղադրվում է այդ թաղամասի ձկնորսական ընկերություններին բարձր տոկոսով գումար տալու եւ այդ գումարը ձկնորսական ընկերությունների կողմից չվերադարձնելու դեպքում, նրանց ունեցվածքը ուժով խլելու մեջ։

Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են 13 կասկածյալի։ Խմբավորման ղեկավար հանդիսացող Արսեն Չըլբըյըքօղլուի եւ մյուս 12 կասկածյալների տների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 204 600 լիրա (150 000 ԱՄՆ դոլար) կանխիկ գումար, 23 գրամ թմրանյութ, 5 ատրճանակ, 235 փամփուշտ, 79 պարտավորագիր գումարների հետ կապված, 10 հատ անշարժ գույքի սեփականության վկայական, բանկային քարտեր, համակարգիչներ եւ այլն։

Ի դեպ, ուժով տարբեր ձկնորսական ընկերությունների ունեցվածքը խլելու արդյունքում խմբի ձեռքն է անցել 6 ձկնորսական նավ։ Ստամբուլի ոստիկանությունն արդեն ավարտել է հարցաքննությունը հետեւյալ անձանց նկատմամբ. Արսեն Չըլբըյըքօղլու, Մանուկ Սամույան, Հարութուն Թեզել, Ագոփ Աջար, Վարուժան Մոր, Ռոբեր Ազար, Օքտայ Ջենգուն եվ այլն։