Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւի ընդունումից հետո նամակով դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:
Նամակում, մասնավորապես ասված է.
«Ես գրում եմ Ձեզ ամերիկահայերի, ԱՄՆ հայ համայնքի բարեկամների եւ մեր ազգի այն ներկայացուցիչների անունից, որոնք հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ կանխարգելիչ միջոցների օգտին:
Մենք մեր խորը հիասթափությունն ենք հայտնում ձեր վերջին արշավի կապակցությամբ, որը միտված է արգելակել Կոմիտեի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը: Ձեր վարչակազմի քայքայիչ գործունեությունը Ձեր կողմից տված խոստումը չկատարելու ֆոնին հստակ վկայություն է, որ Դուք չեք կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ ստանձնած պարտավորությունները:
Եթե հիշում եք, լինելով սենատոր, դուք քննադատել եք Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշի քաղաքականությունը՝ ուղղված Ցեղասպանության հարցում լռելուն, այն աններելի որակելով:
Պարոն նախագահ, այդ կերպ, դուք դառնում եք Թուրքիայի հանցավոր քաղաքականության մեղսակիցը: Ես Ձեզ կոչ եմ անում կատարել Ձեր խոստումը»:



























