Մարտի 6-ին՝ Փարիզի «Զենիթ» համերգասրահում «Victoires de la musique» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանի կողմից մրցանակի է արժանացել երաժշտության ոլորտում ունեցած ավանդի համար։ Այդ մասին գրում է ֆրանսիական «Les Echos» թերթը։

«Ես վաղուց կորցրել էի հույսս, որ շանսոնը նորից կդառնա այն, ինչ պետք է դառնա, սակայն վերջին երկու-երեք տարիներին ես ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, թե ինչ հիանալի արտիստներ ունենք մենք, երիտասարդ կատարողներ, ովքեր առաջ են մղում ֆրանսիական շանսոնը, ինչպես դա արել են Սուշոնը, Կաբրելը եւ ուրիշները»,- երգչի խոսքերն է մեջբերում ֆրանսիական թերթը։

Շառլ Ազնավուրը, ով անգամ 85 տարեկան հասակում ելույթ է ունենում աշխարհի տարբեր բեմերում, աշնանը «Charles Aznavour and The Clayton Hamilton Jazz Orchestra» անվամբ նոր ալբոմ է թողարկել։

«1.65 սմ հասակով այս հսկան ֆրանսիական շանսոնի մարմնացումն է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս։ Սակայն մինչեւ նման հաջողության հասնելը, նա ստիպված է եղել պայքարել, որպեսզի ուրիշները ընդունեն իր արտաքինը եւ ոչ բնորոշ ձայնը, որի պատճառով նրան аznovoice (բառախաղ՝ ձայն չունի) մականունն են տվել։ Նա ծնվել է Փարիզում՝ հայկական ընտանիքում, սակայն վերջին 30 տարիներին ապրում է Ժնեւում, իսկ անցած տարի մայիսին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան»,- նշում է ֆրանսիական թերթը։