Չինաստանում ռուսաստանցին ուժեղ հոսանքահարվել է՝ Շանհայի շատրվաններից մեկի ավազանը մտնելով: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկներն ասում են, որ տղամարդու ուղեղը գրեթե չի գործում,  նրա ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է:

Global Times-ը հայտնում է, որ սիբիրցի տղամարդն իր շան հետ խաղալիս է եղել Շանհայի առեւտրի կենտրոններից մեկի մոտ, երբ հանկարծ կենդանին նետվել է ավազանի մեջ: Շան տերը  ջուրն է մտել  կենդանու հետեւից, սակայն ըստ ականատեսների,  ջուրը մտնելով՝ տղամարդն անմիջապես սկսել է գալարվել,  այնուհետեւ դեմքով դեպի ջուրն է շրջվել: Շունն էլ տեղում սատկել է: 

Չինաստանի ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառները: Շատրվանը ցամաքեցվել է եւ շրջափակվել: Կենտրոնում մետաղյա  դեկորատիվ տարրեր կան, որոնց լարեր են միացված: Ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահարի պատճառ է դարձել կարճ միացումը, հայտնում է vesti.ru-ն:

Միջադեպի համար պատասխան է տալու չինական Shanghai Nenghong ընկերությունը, որը զբաղվում է շատրվանների արտադրությամբ: