Հայ ուսանողը Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում անցկացված «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթում արժանացել է «Երկրի լավագույն մասնակից» մրցանակին:
Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը` որպես ասոցացված անդամ, հուլիսի 2-7-ը մասնակցել է Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում անցկացված «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթին, որն անցկացվում է երկամյա պարբերականությամբ:
Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 2500 մասնակից: Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է երեք մասնագիտությամբ` ոսկերչություն, կար ու ձեւ, խոհարարություն:
Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ոսկերչության բաժնի ուսանող Արամ Ավետիսյանը մրցույթում արժանացել է «Երկրի լավագույն մասնակից» մրցանակին: Հայ ոսկերչին 4 օր էր տրամադրվել` Բրազիլիայի ներկայացրած զարդը՝ World skills-ի լոգոն պատրաստելու համար:
«Համաշխարհային հմտություններ» հաջորդ մրցույթը կանցկացվի 2015 թվականին, Բրազիլիայում:
Հայաստանի պատվիրակները Գերմանիա էին մեկնել` անցած տարի կազմակերպված «Համաշխարհային հմտությունները Հայաստանում» ազգային մրցույթի ամփոփումից հետո, որը կազմակերպել էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:




























