Գոյություն ունի հայ-ռումինական հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանում, Ռումինիայի էկոնոմիկայի հայ նախարար Վարուժան Ոսկանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել` հուլիսի 9-ին Երեւանում անցկացվող հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Ռումինիայի հետ կապերի ամրապնդմանը: Միջկառավարական հանձնաժողովը պետք է այնպիսի օրակարգ ձեւավորի եւ այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք թույլ կտան խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»:
Վարուժան Ոսկանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ավանդաբար ձեւավորված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմքեր է ստեղծում տնտեսական գործակցության զարգացման համար: Այդ առումով կարեւորվել է հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ռումինացի գործարարների պատվիրակություն: Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ` արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայ-ռումինական առեւտրա-արդյունաբերական ասոցիացիայի եւ Ռումինիա-Հայաստան առեւտրա-արդյունաբերական պալատի միջեւ: Երկուստեք ընդգծվել է, որ դա հնարավորություն կտա ռումինացի գործարարներին ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ինչպես նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ օդային ուղիղ չվերթների կազմակերպման, զբոսաշրջության զարգացման եւ տնտեսական կապերի աշխուժացման նոր ուղղությունների վերաբերյալ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը:





























