Հուլիս 8-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում իր աշխատանքներն է ավարտել Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) 14-րդ համագումարը, որն ընդունել է նոր կանոնադրություն: Անդրադարձ է կատարվել Եվրոպայում ֆինանսական ճգնաժամին, Եվրոպական սոցիալական խարտիային, Մերձավոր Արեւելքում` հատկապես Սիրիայում եւ Եգիպտոսում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ Թուրքիայում եւ Հյուսիսային Կիպրոսում կրոնական ազատությունների հիմնախնդիրներին:
Համագումարն ընտրել է Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմինը, որի կազմում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ ընտրվել է Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Ժողովի ընթացքում Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցել են զանազան հանձնախմբերի աշխատանքներին. Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հինգերորդ աշխատանքային խմբի համակարգողն էր, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հասարակական հարցերի հանձնախմբում էր, Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանն ընդգծրկված էր համագումարի պատգամը նախապատրաստող հանձնախմբում, իսկ Մարիաննա Ապրեսյանը` թեկնածուներ առաջադրող հանձնախմբում:




























