Հուլիսի 9-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» 2013թ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նախարար Հ. Հակոբյանը ներկայացրել է «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը՝ կարեւորելով մայրենիի արագացված դասընթացներին մասնակցությունը. «Աշխարհի բոլոր ծայրերում հայի շուրթերից պետք է հնչի հայերենը: Հայերեն խոսելով պետք է պահպանենք մայրենին եւ փոխանցենք սերունդներին»:
«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով՝ Հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք կտեւեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ը, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի 15 - օգոստոսի 2), Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Ազգային երգի ու պարի դասընթաց ( հուլիսի 24 – օգոստոսի 2):
Դասընթացները կանցկացվեն հայերենով, կդասավանդեն Հանրապետության եւ Սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքները, սովորողները տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն կունենան:
«Սփյուռք» ամառային դպրոցը, որը հայերենի ուսուցման եւ Սփյուռքի մասնագետների վերապատրաստման ծրագիր է, արդեն երկրորդ տարին է անցկացվում: 2013թ ծրագրին մասնակցում է 210 սփյուռքահայ աշխարհի ավելի քան 25 երկրից:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն նաեւ մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ, քննարկումներ, կլոր սեղաններ եւ այլն:




























