Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը առայժմ չի պատասխանել Վենեսուելայի ապաստանի վերաբերյալ առաջարկին: Այս մասին հուլիսի 9-ի երեկոյան լրագրողներին է հայտնել Վենեսուելայի ԱԳ նախարար Էլիաս Խաուան:

«Մենք, ինչպես մյուս երկրները, ստացել ենք Սնոուդենի նամակը… Նախագահ Մադուրոն արդեն հայտարարել է, որ մտադիր է ապաստան տրամադրել նրան, եթե դրա համար պայմաններ լինեն: Առաջին հերթին նա պետք է վենեսուելական տարածքում լինի»,-ասել է Խաուան, որի հայտարարությունները մեջբերում են վենեսուելական լրատվամիջոցները:

Նրա խոսքով, Սնոուդենը դեռեւս չի հաստատել Վենեսուելայում ապաստան գտնելու ցանկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Առաջինը` նա պետք է ցանկություն հայտնի ապաստան գտնելու մեր երկրում, հետո` կապվի ՌԴ կառավարության հետ` դա իրականանալի դարձնելու համար»,-շարունակում է նա:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում Սնոուդենի ապաստանի հարցով նախօրեին շփոթմունք է առաջացրել Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Սկզբում նա թվիթթերում գրառում է կատարել, որ Սնոուդենը համաձայնել է ապաստանել Վենեսուելայում, սակայն հետո ջնջել է այն եւ նշել, որ այդ մասին լսել է «Վեստի 24»-ի լուրերում: Հեռուստաալիքն էլ իր հերթին նշել է, որ այդ հաղորդագրությունն արել է` վկայակոչելով Պուշկովին:

Պուշկով. Սնոուդենը համաձայնվել է տեղափոխվել Վենեսուելա