«Հայկական պատվիրակությանը պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն վիճակվեց մարտի 4-ին ներկա գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին։ Մեր պատվիրակության ներկայությունը Կոնգրեսում մեկ անգամ եւս ապացուցեց, որ Հայաստանը շարունակում է իր օրակարգում պահել Ցեղասպանության ճանաչման հարցը»,- մարտի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նշելով, որ իրենց այցը փաստել է Հայաստանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու մասին, Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ Կոնգրեսի կողմից N252 բանաձեւի ընդունման փաստն առավելապես պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությւնների տեսանկյունից։ «Ընդ որում, չի բացառվում, որ վերոնշյալ բանաձեւը բացասական ազդեցություն ունենա այդ հարաբերությունների վրա»,- տեսակետ հայտնեց նա։

Խորհրդարանական պատվիրակության մյուս անդամ, անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր հերթին հավելեց, որ իրենց ներկայությունը իրապես ազդել է կոնգրեսականների որոշման վրա. «Քննարկումները բուռն ընթացք ունեցան, մի շարք կոնգրեսականների կողմից ծանրակշիռ փաստեր ներկայացվեցին։ Հակառակ նրանցից մի քանիսի պնդումներին, թե թուրք-ամերիկյան շահերից ելնելով՝ չարժե ընդունել բանաձեւը, շատերը կողմ քվեարկեցին դրան»,- նկատեց նա՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը չի կարողացել պատասխանել հայ պատգամավորների այն հարցին, թե ե՞րբ կդրվի կամ կդրվի՞ արդյոք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը լիագումար նիստում։

Ամփոփելով՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ N252 բանաձեւը ԱՄՆ կողմից Թուրքիայի վրա բարձրացրած մահակ էր, սակայն կքննարկվի՞ արդյոք այն ԱՄՆ Կոնգրեսում, կախված է Թուրքիայի հետագա գործողություններից. «Իսկ գործողությունները ամենատարբեր իրավիճակներ կարող են թելադրել»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունվեց Հայոց ցեղասպանության մասին N252 բանաձեւը։