Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երեւան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։
Հանձնակատար Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արեւելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է եւ վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաեւ հույս հայտնեց, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Հանդիպմանը երկուստեք նշվել է ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարեւորությունը:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։





























