Թուրքիայում սոցհարցումների ոլորտում բավականին հայտնի A&G ընկերության կողմից իրականացվել են Թուրքիայի հայտնի կուսակցությունների վարկանիշային վերջին հարցումները։

Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը ներկա պահին պատրաստ են ձայն տալ ընտրողների 35 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը՝ 23, «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ 16 եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ 7,5 տոկոսը։

Նշենք, որ 2009-ի մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նույն տոկոսներն են եղել, բացառությամբ՝ իշխող կուսակցության, որը այն ժամանակ ստացել էր 39,5 տոկոս ձայն։ Իսկ խորհրդարանում իշխող կուսակցությունը ներկայացված է 47 տոկոսով։