«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը եւ հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական եւ ձկնաբուծական տնտեսություններին:
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ կերպով գնահատել արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտում առկա շուկայական զարգացման միտումները, դիտարկվող հատվածներում պահանջարկի եւ առաջարկի առանձնահատկությունները: Հետազոտությունը տալիս է համեմատականներ այլ երկրների հետ, ներկայացնում է արտաքին առեւտուրը, ոլորտի հիմնական ներկայացուցիչներին, առկա մակրոտնտեսական իրավիճակի բնութագիրը, նախանշում էոլորտի զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, գնահատում է դիտարկված ենթաճյուղերում ներդրումների արդարացվածությունը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ ներդրումների չափն ըստ տնտեսությունների չափերի եւ արտադրատեսակների:
Ըստ հետազոտության արդյունքների`այժմ Հայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5հա: Ջերմոցային տնտեսությունների արտադրանքի 60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկներըեւ դեկորատիվ բույսերը: Հայաստանում ջերմոցներում աճեցվող բանջարեղենի հիմնական տեսակներն են լոլիկը, վարունգը, լոբին եւ պղպեղը: Ըստ Ամերիայի փորձագետների կանխատեսման`առաջիկա հինգ տարիներին ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվում է միջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր եւ միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:
Խաղողի եւ պտղա-հատապտղային տնկարկների տարածքների ավելացման միտումները վկայում են Հայաստանում այգեգործության զարգացման ներուժի մասին: Պտղի եւ հատապտղի տնկարկների ընդհանուր տարածքների 2/3-ը գտնվում է չորս մարզում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք:Արտադրանքի ամենամեծ կշիռն ապահովում են Արարատի եւ Արմավիրի մարզերը. մասնավորապես 2012-ին ամբողջ արտադրանքի կեսից ավելին բաժին է ընկնում այդ երկու մարզին:Ըստ հետազոտության արդյունքների` այգեգործության զարգացման հիմնական ռիսկը եւ խոչընդոտը բնակլիմայական պայմաններն են, հատկապես կարկուտները, եւ հակակարկոտային կայանների ներդրման ու ճիշտ կառավարման դեպքում առաջիկա տարիներին այգեգործությունը Հայաստանում չի ունենա զարգացման մեծ խոչընդոտ:
Համաձայն հետազոտության`վերջին տասըտարիների ընթացքում ձկնաբուծության արտադրանքի ծավալի միջին տարեկան աճը կազմել է 28.5%, եւձկնաբուծության արտադրանքի արտահանումն այդ նույն ժամանակահատվածում ֆիզիկական ծավալով աճել է 4.7 անգամ: Ձկնաբուծական տնտեսության զարգացման հեռանկարնառաջիկահինգ տարիներին Ամերիայի փորձագետները գնահատում են միջին.եւ նշում, որ իրականում այս ենթաճյուղը բավականին մեծ պոտենցիալ ունի,իսկ իրագործելու համար անհրաժեշտ է երկու հիմնական խնդրի լուծում՝ կապված կարգավորման դաշտի հետ:
Հաշվի առնելով ներքին տնտեսության ոչ մեծ չափերը`Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը հիմնականում պայմանավորված է արտադրանքի արտահանման հնարավորություններով:
Ամերիայի այս հետազոտությունը միաժամանակ նախանշում է, թե ինչ նախադրյալներ, խոչընդոտներ եւ ռիսկեր կան ոլորտի զարգացման համար:Առանձին հավելվածով ներկայացվում են նաեւ ջերմոցային, այգեգործական եւ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների շրջանումիրականացված հարցման ամփոփ արդյունքները:
Արդյունաբերական գյուղատնտեսության, ինչպես նաեւ նախորդող ամիսներին Ամերիայի կողմից իրականացված` սննդի վերամշակման եւ մանրածախ առեւտրի վերաբերյալ հետազոտությունները թույլ են տալիս իրական պատկերացում ունենալ գյուղատնտեսական արտադրանքի ամբողջական շղթայի վերաբերյալ` գյուղատնտեսական ապրանքից մինչեւ վաճառք:





























