Առաջիկա հինգ օրերի ընթացքում Հանրապետության հյուսիսային կեսում անկայուն եղանակ է սպասում: Այս  մասին այսօր` հուլիսի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ խոսելով առաջիկա օրերին եւ ողջ ամառվա ընթացքում սպասվելիք եղանակի կանխատեսումներից:

Նրա խոսքով, երեկոյան ժամերին հյուսիսային կեսում, առանձին շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ շրջաններում ամպրոպ եւս հնարավոր է: Իսկ Հարավային կեսում կգերակշռի առանց տեղումների եղանակ, ինչը վերաբերում է նաեւ մայրաքաղաքին: «Մայարքաղաքում եւ առհասարակ Արարատյան դաշտում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 1-ին՝ 38 աստիճան: Այսօր 35 աստիճանի սահմաններում կլինի, վաղը կբարձրանա 36 աստիճան: Իսկ 12-14-ը առավելագույն ջերմաստիճանը կլինի  32-33-ի սահմաններում: 15-ին դարձյալ սպասում է ջերմաստիճանի մեկից-երկու աստիճանի բարձրացում  եւ կարող է հասնել 36 աստիճանի: Լեռնային շրջաններում առվելագույն ջերմաստիճանը կհասնի մինչեւ 27 աստիճանի այս օրերին: Իսկ նվազագույն ջրմաստիճանը հովտային շրջաններում հասնում է մինչեւ 20 աստիճանի: Լեռնային շրջաններում 13-15 աստիճան: Առանձին վայրերում կարող է ավելի ցածր ջերմաստիճան գրանցվել»,- ավելացրեց Զարուհի Պետրոսյանը եւ ընդգծեց, որ այս ամառը միջին տեղումներով, ջերմաստիճանով ամառ է եւ համեմատեց 2009 թվականի ամռան հետ: Ինչպես նաեւ նշեց, որ առավելագույն ջերմաստիճանը այս ամառ չի գերազանցի 38 աստիճանը: