Վրաստանի իշխանությունները ցանկանում են, որպեսզի երկրում ազատ եւ արդար նախագահական ընտրություններ տեղի ունենան՝ Եվրոպա ձգտող երկրին հարիր: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ հուլիսի 10-ի հատուկ ելույթում:
Ըստ Իվանիշվիլիի՝ երկրում պետք է վերջ դրվի իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման պրակտիկային:
Ընդ որում, Վրաստանի վարչապետն իր քաղաքական կոալիցիայի՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին եւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներին կոչ է արել նախընտրական քարոզարշավի ընթացքում «Միասնական ազգային շարժման» հետ չվարվել վերջինիս մեթոդներով: Ըստ նրա՝ դաշինքի սկզբունքն է ազատությունը, օրենքի գերակայությունը եւ հակառակորդներին հարգելը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Բիձինա Իվանիշվիլին նաեւ ոստիկանությանը եւ դատախազությանը կոչ է արել առանց անհրաժեշտության չձերբակալել նախընտրական քարոզարշավի մասնակից նախագահի թեկնածուներին: Ըստ նրա՝ «նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների ժամանակ ամենակարեւորն է քաղաքական ազատության ապահովումը»:
Իվանիշվիլին նաեւ կոչ է արել նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման», ներկայացուցիչներին օգտվել կայանալիք նախագահական ընտրություններից՝ «աօրինությունից հրաժարվելու համար»:
Վարչապետը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Ազգային շարժման ներկայացուցիչները կարողանան լիրաժեք նախընտրական քարոզարշավ իրականացնել:
Վրաստանում նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 22-ին: Ներկայումս հայտնի են միայն չորս թեկնածուներ՝ Վրաստանի գիտության եւ կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին՝ «վրացական երազանք» դաշինքից, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում՝ Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ինչպես նաեւ «ԵՄ-վրացական-աբխազական-օսական միջազգային շարժում՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման» նախագահ, պրոֆեսոր Նեստան Կիրտաձեն: ՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածուն կորոշվի փրայմերիզի ավարտից հետո:





























