Կենսաթոշակների վճարման ոլորտում ձեւավորվում է նոր տեղեկատվական համակարգ, 2 ամիս է՝ ընթանում են կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտումներ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այդ պատճառով որոշ կենսաթոշառաուների տվյալներ դուրս են մնացել ցուցակներից: «Որեւէ տվյալի ոչ ճշգրիտ լինելու դեպքում համակարգը թույլ չի տալիս վճարում իրականացնել, դա կարող է վերաբերել ամենատարբեր տվյալների՝ սկսած հասցեից, անձնագրի տվյալներից, վերջացրած ընտանիքների անդամների մասին տվյալներով»,- ասաց Ա. Ասատրյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ ամսում ճշգրտվել են մոտ 11 հազ. անձի տվյալներ: Ներկայում համակարգի աշխատակիցները աշխատում են նաեւ հանգստյան օրերին, որպեսզի հասցնեն բոլոր ճշգրտումները կատարել:

Արագածոտնի մարզում թոշակների վճարման հետ կապված բողոքի ակցիաների մասին էլ Ա. Ասատրյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կգնա Արագածոտնի մարզ: