Բոլորից առաջ ես երկու անգամ հանդես եմ եկել, եւ ասել եմ, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության մեջ չարաշահումներ չկան: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին:
«Մենք նկատել ենք այնտեղ թերություններ, հանձարարել ենք դրանք վերացնել: Եթե մի տեղ մենք գումարներ չենք վճարել, այստեղ չարաշահումներ լինել չեն կարող: Մենք աշխատանքների դիմաց ոչ մի լումա չենք վճարել: Աշխատանքները փայլուն ընթանում են, Հիմա կվերականգնվեն թերությունները,որոնք առաջինը բացահայտել ենք մենք, հետո Վերահսկիչ պալատը, կվճարենք եւ «Հյուսիս-հարավը» կհասցնենք իր ավարտին: Մեզ մոտ ստուգվել է մոտ 400 պայմանագիր, 60-ից ավել կազմակերպություն, այդ ամբողջի մեջ 2 կազմակերպության մեջ գտել են թերություն, գումարները վերադարձվել են բյուջե, այսինքն մեզ մոտ այս տարի նախարարության հետ կապված մենք ունենք բարելավում, տնտեսական առումով հաջողության ենք հասել , քանի որ այսքան քիչ խախտում, որ հայտնաբերվել է այս տարի, ոչ մի տարի այդքան քիչ չի եղել: Այդքան լայնամասշտաբ ստուգումներից հետո այդքան քիչ խախտումներ ֆիքսելը կարծում եմ մեր հաջողությունն է»,- ասել է Տրանսպորտի եւ կապի նախարարը:
Նախարարը նշեց նաեւ, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանը պաշտոնից ազատվել է թերությունների համար: «Թերությունները եղել են կադրերի սխալները, եթե վերահսկողությունը պատշաճ իրականացվի , թերություններ չեն լինի: Եթե Վերահսկիչ պալատը ասել է չարաշահում, շտապել է, որովհետեւ եթե մենք չենք վճարւմ, չի կարող լինել չարաշահում: Թերությունները արդեն վերացվում են, իրենց առջեւ պայման է դրված, որ կվերացնեն թերությունները, կշարունակենք աշխատել մեզ համար ստրատեգիական նշանակություն ունցող շինարարության շրջանակներում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:





























