Հայաստանի կառավարությունը պարտավոր է հետ կանգնել կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող, «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ մասնաբաժնի վաճառքից: Այդ մասին ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարության եւ ՀՀ Էներգետիկայի նախարարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից, ՀՀ–ն նաեւ զրկվում է Հայռուսգազարդի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին:
Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու եւ վտանգից բացի, որեւէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարեւոր ռազմավարական օբյեկտները։
Թեեւ այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, եւ այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։
«Ազատ դեմոկրատները» համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել պետությանը որեւէ օգուտ չբերող բանակցություններից եւ տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել»,- նշել են հայտարարության հեղինակները։





























