Թուրքիայի Իսպարտայի նահանգապետ Մեմդուհ Օգյուզը հուլիսի 10-ին պարգեւատրել է ցուցարարներին ցրելիս աչքի ընկած ոստիկաններին: Հանդիսավոր արարողության ընթացքում,  որին ներկա է եղել տեղի ոստիկանապետը,  Օգյուզը վկայականներ եւ գերազանցության նշաններ է հանձնել 102 ոստիկանների: 

Թուրքական Hurriyet-ը գրում է, որ նահանգապետը գովել է ոստիկաններին կատարած աշխատանքի համար: Նահանգապետը նաեւ նշել է, որ ցույցի ժամանակ քաղաքի փողոցներ է դուրս եկել վեց հազարից ավելի մարդ, որոնց մեծամասնությունը «եկվորներ են եղել»:

Հիշեցնենք, որ մայիսի վերջից մինչեւ հունիսի կեսերը Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր էին անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում էին իսլամիստ վարչապետ Էրդողանի հրաժարականը: Բողոքի ցույցերը սկսվել էին Ստամբուլում՝ Գեզի այգու ծառահատումը դադարեցնելու պահանջով, սակայն շուտով վերաճել էին քաղաքական ցույցի:  Էրդողանը ցուցարարներին անվանել էր «ահաբեկիչներ,  դասալիքներ եւ հարբեցողներ»: Ցուցարարներին ցրելու համար միջամտել էին հատուկ նշանակության ջոկատը եւ ժանդարմները, որոնք կիրառել էին արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: