Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել մասնավորապես՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» եւ «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ ՎՊ-ի ուսումնասիրությունների նյութերը։

Մեկ տասնյակից ավելի առանձնացված վարույթներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։