Սպիտակ-Երեւան ավտոճանապարհն իսկական պատուհաս է դարձել վարորդների համար`ստեղծելով վթարային իրավիճակ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի սկզբնամասից` Ծիլքար գյուղի տարածքից մինչեւ Ռյա Թազա համայնք տանող ավտոճանապարհին գոյացել են մեծ ու խորը փոսեր, որտեղով վարորդները երթեւեկում են բառացիորեն մեքենաները ջարդելով, կամ էլ մեքենաները վարում են խախտելով ճանապարհային երթեւեկության կանոները`դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի գոտի: Նույն վիճակն է նաեւ Քուչակ գյուղի տարածքում: Միանգամից երկու մարզ մայրաքաղաքին կապող ճանապարհին քիչ չեն դեպքերը, երբ նշված հատվածում վթարները տեղի են ունեցել  այն ժամանակ, երբ վարորդները մեքենաները «փախցնելով» փոսերից, հարվածում  են առջեւից եկող մեկ այլ մեքենայի:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Հովհաննես Խանաղչյանը հայտնեց, որ նշված ճանապարհահատվածի նորոգումը իրականացնում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: «Մենք տեղյակ ենք խնդրից,  բազմիցս բարձրաձայնել ենք նախարարությունում, մարզպետն էլ է գրություններ ուղարկել նախարարին, հիմա արդեն մրցույթ է հայտարարվել: Առաջիկայում հավանաբար կսկսվեն ճանապարհի նորոգման աշխատանքները»,-ասաց նա:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am