Հայերը կրճատվող ազգերի ցուցակում են: Այս  մասին այսօր` հուլիսի 11-ին, ազգաբնակչության համաշխարհային օրը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրները եւ վիճակագրական տվյալների մասին:

Նրա խոսքով՝ կանխատեսվում է, որ 2100  թվականին Հայաստանում կմնա 1.5 միլիոն, լավագույն դեպքում 1,7 մլն բնակիչ, ինչն աղետալի է: «Մեր կանայք ծնում են երեխաներ, ոչ թե ազգը պահպանելու, այլ Ռուսաստանը կամ Եվրոպայի բնակչության քանակն ապահովելու համար»,- ահազանգեց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ իր հաճախորդ քաղաքական ուժերին միշտ ասել է, որ ժողովրդագրական խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնեն:

Սոցիոլոգը նաեւ նշեց, որ վախենալով ապահարզանից, կանայք քիչ երեխաներ են ծնում: Նրա խոսքով՝ երեք երեխա ունեցող ընտանիքների 100-ից 2-ը կարող են դիմել ապահարզանի, այնինչ մեկ երեխայի դեպքում ռիսկը բարձրանում է մինչեւ 90 տոկոսի: «Հետեւաբար, եթե մայր եք դարձել, գոնե 3 երեխա ունեցեք, որ ձեր ամուսինները մնան ընտանիքներում»,- խորհուրդ տվեց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա փոխանցմամբ, ըստ աճող ստանդարտի, մեկ կինը պետք է երկուսից ավելի երեխա ունենա, այնինչ մենք հիմա երկուսից ցածր ենք, թե գյուղերում, թե քաղաքում: «Այնպես, որ մեզ ապագայում ոչ մի ուրախալի բան չի սպասում: Մենք պատերազմող երկիր ենք եւ մեր զինվորների թվաքանակը կարող է կտրուկ նվազել: Արդյունքում կարող ենք նաեւ անվտանգության խնդրի առաջ կանգնել: Այնպես որ, սպասում ենք, որ  կգա մի կառավարություն, կուսակացություն, որն ազգագրական քաղաքականությունը կդարձնի գերակայող եւ առանցքային»,- հույս հայտնեց սոցիոլոգը:

Նա նաեւ ահազանգեց, որ մեր հարսնացուները ծերացել են 4-5 տարով, իսկ փեսացուները՝ 6 տարով: «Բիզնեսմենը, եթե իր աշխատողին 2 հազար դրամ է տալիս, պետք է հասկանա, որ իր ապրանքը վաղը սպառող չի լինելու»,- նկատեց սոցիոլոգը: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին հարցրել է, թե Ղարաբաղ մտնող գումարներով ինչո՞ւ է ասֆալտ սարքում. «Ասացի տուր թող երեխա սարքեն ու արդյունքում 5 տարվա ընթացքում ծնելիությունը 5 հազարով ավելացավ»,- ամփոփեց Ահարոն Ադիբեկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am