Արցախի հակամարտությունն ընդհանրապես անտեսված է, այն առաջնահերթորեն պետք է դուրս հանել իր «խեղդված» վիճակից: Այս մասին «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է:
«Անհրաժեշտ է նաեւ կապի կամուրջ ստեղծել Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, որպեսզի տարածաշրջանը դուրս գա իր մեկուսացումից, լուսանցքայնությունից:
Հայաստանն ու Արցախը պետք է դուրս բերել իրենց քաղաքական, դիվանագիտական ու մարդկային մեկուսացումից: Այս ուղղությամբ բազմատեսակ նախաձեռնություններ կան, եւ եթե հարկ լիներ դրանցից մեկն ընտրել, ես կսկսեի
միջազգային հասարակական կարծիքը ի նպաստ Արցախի ճանաչման դարձնելու խնդրից»,-ընդգծել է նա, հավելելով, որ ցավոք, ֆրանսիացիների եւ եվրոպացիների գրեթե 99%-ը անտեղյակ է եւ անտարբեր Արցախի հարցի մասին:
«Ժամանակակից հանրային կարծիքն Արցախի հարցի հանդեպ անտարբեր է, որովհետեւ Արցախը նավթ չունի: Քանի որ Արցախը նավթ ու դոլար չունի, հրամայականորեն անհրաժեշտ է, որ ընդարձակ լոբբինգ ստեղծվի, որը շեշտակիորեն կզբաղվի Արցախի հարցով»,-ընդգծել է Բուայեն:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ու Արցախի ճանաչման հարցերը փոխկապակացված են: «Պետք է շարունակել ճիգերը որ Միացյալ Նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս բոլորը առիթ կդառնան, որ Արցախը ճանաչվի ու շարունակի իր բնականոն գոյությունը»,-ասել է նա:
«Ադրբեջանը ցանկանում է խեղդել Արցախը, մարել ու անհետացնել Արցախի ժողովրդին: Ուրեմն կդիմագրավենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ վարվող դիվանագիտական ցեղասպանությանը եւս»,-ամփոփել է ֆրանսիացի պատգամավորը:





























