«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից «գցված» երգիչ  Արթուր Իսպիրյանն այսօր` հուլիսի 12-ին, հայց կներկայացնի Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Տոնուս« ՍՊԸ-ի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արթուր Իսպիրյանը:

Նա նշեց, որ դատի է տալիս «Տոնուս» ՍՊԸ-ի եւ պահանջում  7 տարի առաջ Փափազյան փողոցում` Մալականների այգու դիմաց կառուցվող շենքում գնած իր բնակարանը, ինչպես նաեւ պահանջում է, որպեսզի ընկերությունը ավարտին հասցնի շինարարական աշխատանքները, կատարի բնակարանի միացումները: Երգիչը 72 քառակուսի մետր տարածքի եւ ավտոկայանատեղիի համար վճարել էր մոտ 32 միլիոն դրամ, սակայն տարիներ անց պարզվել էր, որ իր եւ շենքի մի շարք բնակիչների բնակարանները ընկերության կողմից գրավադրված են «Արցախ« բանկում:

Արթուր Իսպիրյանը նշեց, որ «Տոնուսից» «գցված»  մյուս բնակիչները եւս դիմում են դատարան` պահանջելով իրենց բնակարանները: Նրանք հիմնականում Փափազյան փողոցում կառուցվող շենքի 30 եւ Դավիթաշենում կառուցվող շենքի մոտ 100 բնակարանատերեր են: Տարբեր մարդկանց պահանջը եւ պայմանները այլ են, անձինք կան, որոնք վճարել են ամբողջ գումարը, կան մարդիկ, որոնք վճարել են բնակարանի գումարի մի մասը»: «Մեր տները պատրաստ են, եթե կոմունիկացիաները միացնեն, կարող ենք ապրել: Դավիթաշենի շենքը կիսատ է մնացել, շատ մեծ գործ կա այնտեղ անելու»,- ասաց երգիչը:  Նա նաեւ նշեց, որ «Տոնուս» ՍՊԸ-ի ղեկավար Աշոտ Տոնոյանի հետ ոչ մի կերպ հնարավոր չէ հանդիպել, նա քաղաքում չէ: «Աշոտ Տոնոյանը ոչ ուզում է հանդիպել, ոչ քաղաքում է, ոչ ոք նրա տեղը չգիտի, փախած է, որովհետեւ այնքան անօրինական բաներ է արել, որ չի կարող մնալ այս քաղաքում»,- ասաց Արթուր Իսպիրյանը: 

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված: