Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացմանը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան Գործընկերության» ծրագրին` այն համարելով փոխհամագործակցության ընդլայնման ամուր հիմք:
Կողմերն անդրադարձել են «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:



























