Երեւանում հուլիսի 1-ից մեկնարկել է «Ուրախ ամառ» բակային միջոցառումների եւ ճամբարների արշավը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի համակարգող՝ Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով, ծրագիրն ընդգրկուն է եւ ուղղված է ամառային արձակուրդների ընթացքում երեխաների առօրյան, ազատ ժամանակը առավել բովանդակալից դարձնելուն։
«Վերջին երկու տարիներին Երեւանում հարյուրավոր բակեր ու բակային տարածքներ են կառուցվել կամ հիմնանորոգվել, ինչը այսօր մեզ լավ հնարավորություն է տալիս նման միջոցառումներ կազմակերպել Երեւանի մեծ ու փոքր բազմաթիվ բակերում։ «Ուրախ ամառ»-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնություններից եւս մեկն է, որ ուղղված է փոքրիկ երեւանցիներին, այն էլ այսչափ մասսայական ընդգրկում ունի։ Ծրագիրը մարզական եւ դաստիարակչական նշանակություն ունի, ընդգրկում է սպարտակիադաներ, պետականության եւ ազգային մշակույթի ուսուցման թեմաներ»,- ներկայացրել է Իդա Խաչատրյանը։
Միջոցառումները առավոտյան եւ ցերեկային ժամերին կազմակերպվում են գրադարանների, մանկապարտեզների ու դպրոցների տարածքներում, իսկ երեկոյան՝ զով ժամերին բակերում։ Բակային միջոցառումների ու ճամբարների շարքում, հատկապես ճամբարների բացման ու ավարտի օրերին, ներառված են նաեւ զվարճալի ներկայացումներ՝ երեխաների սիրելի հեքիաթների ու մուլտհերոսների մասնակցությամբ։ Այս միջոցառումներին նաեւ ելույթ են ունենում Երեւանի երաժշտության եւ արվեստի դպրոցների, մշակութային տների եւ այլ համույթների սաներ։





























