Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք է տվել «Գյունդելիկ Ադրբեջան» եւ «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովի բողոքին: Այդ մասին Turan-ին հայտնել է ՄԻԵԴ-ում Ջաֆարովի շահերը ներկայացնող, Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի ծրագրերի համակարգող Խալիդ Աղալիեւը:
Ըստ նրա՝ Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությանը մինչեւ հոկտեմբերի 16-ը ժամանակ է տվել՝ պատասխանելու ներկայացված հարցերին:
Ջաֆարովը հայտնում է իր իրավունքների խախտման մասին՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ (արտահայտվելու ազատություն), 6-րդ (արդար դատավարություն) եւ 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածներով: Նա պահանջում է փոխհատուցել իրեն հասցված ֆիզիկական եւ բարոյական վնասը եւ դատական ծախսերը:
Ջաֆարովը հայտնի է բանակի խնդիրների սուր քննադատությամբ: Նա ծեծի էր ենթարկվել, երբ 2007թ. գնդապետ Ֆաիղ Մամեդովի մասին քննադատական հոդված էր հրապարակել: Այդ առիթով Յասամալի ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել 132-րդ (ծեծի ենթարկել) հոդվածով: Սակայն այն մինչեւ վերջ չէին հասցրել, եւ ոչ ոք չէր պատժվել: Ոստիկանության անգործության վերաբերյալ Ջաֆարովի բողոքները չէին բավարարվել: Ջաֆարովն իր վրա հարձակվողների մեջ ճանաչել էր ոստիկանության աշխատակցի՝ Նաբի Նաջաֆովին: Ջաֆարովը մտադիր է մինչեւ վերջ գնալ՝ իր վրա կազմակերպած հարձակման մասնակիցներին պատժելու համար:





























