Ռուսական սանիտարական ծառայության մոտ դժգոհություններ են առաջացել Ուկրաինայից մատակարարվող հրուշակեղենի հետ կապված: Այս մասին հաղորդել է գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Գերատեսչությունը դժգոհ է, մասնավորապես, «Ռոշեն» ընկերության արտադրանքից:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, առայժմ հայտնի չէ, արդյոք կարգելվի ուկրաինական հրուշակեղենը Ռուսաստան ներկրել, սակայն փորձագետները Օնիշչենկոյի «շոկոլադե» գաղափարում քաղաքական ենթատեքստ են տեսնում:
Նախօրեին «Կոմերսանտ Ուկրաինա» պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է նախապատրաստում Կիեւի դեմ` դժգոհելով նրանից, որ Ուկրաինան ավելացրել է ավտոմեքենաների ներմուծման համար վճարվող տուրքերը:
Հիշեցնենք, որ Օնիշչենկոյի «թեթեւ ձեռքով» արդեն մի քանի ռուս-ուկրաիանական տնտեսական պատերազմներ են ընթացել: 2012-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելել է Ռուսաստան ներմուծել ուկրաինական երեք տեսակի պանիր: Դրանից հետո ուկրաինական պանրի ներմուծման բաժինը գրեթե երկու անգամ կրճատվել է:



























