Բելառուսական ԲելՄուզԹիվի հեռուստաալիքը կես մլրդ բելառուսական ռուբլու (մոտ 170 հազար դոլարի) հայց է ներկայացրել իր նախկին աշխատակցին, ով պոռնկագրական հոլովակ էր եթեր թողել: Այդ մասին հայտարարվել է Մինսկում կայացած դատական նիստում:

Ինչպես հայտնում է TUT.BY-ը, հեռուստաալիքն այդ գործով տուժած կողմ է հանդիսանում: Նիստը տեւել է մոտ չորս ժամ: Կասկածյալը ալիքի նախկին ինժեներն է, ով հայտարարել է, թե ԲելՄուզԹիվի-ն իբր «զբաղվել է սեքսի քարոզչությամբ»: Այդ պնդումը հերքել է ալիքի թողարկող խմբագիրը:

Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ-ից հայտնել են, որ նա «հոգեկանի հետ խնդիրներ» ունի, չարաշահել է սպիրտայինն ու անգամ փորձել ինքնասպան լինել: Նախկին աշխատակիցն իր արարքը բացատրել է նախկին ընկերուհու հետ վեճով:

ԲելՄուզԹիվի-ի եթերում պոռնոհոլովակը ցուցադրվել էր ապրիլի 13-ին, կեսօրին: Հեռարձակումը տեւել էր 10 րոպե, ապա դադարեցվել էր: