ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի լճացման պատճառը Մադրիդյան սկզբունքներն են: Այդ մասին հուլիսի 11-ին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության կազմակերպած «Եվրոպայի հերթական պատերազմը, որից կարելի է խուսափել. Լեռնային Ղարաբաղ» քննարկմանը հայտնել է կոլնֆլիկտաբան Կրիստիան Կոլտերը:

Նա նշել է, որ առաջին հերթին խոսքը փախստականների մասին է: Կոլտերը նկատել է, որ ավելի շատ խոսվում է ադրբեջանական փախստականների մասին, ինչը միակողմանի մոտեցում է: նա նաեւ հավելել է, որ Հայաստանը բավարար եւ արժանի պատասխան չի տալիս: Մադրիդյան սկզբունքների երկրորդ կետը վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին. «Հայտնի չէ, թե ով պետք է զբաղվի այդ հանրաքվեով: Ադրբեջանն ակնկալում եւ պնդում է, որ դրան մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները»: Մտահոգություն հարուցող եւս մեկ հարց է անվտանգության երաշխիքները, որը հակամարտության կարգավորման եւ խաղաղության հաստատման կարեւոր  մաս է: Մադրիդյան սկզբունքների գլխավոր խնդիրն այն է, որ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները ներկայացվում են որպես հավասարազոր, մինչդեռ դրանք իրականում հակասում են միմյանց:

«Մադրիդյան սկզբունքները չեն ենթադրում հայկական կողմի համար ընդունելի լուծումներ, թեեւ չի երեւում, որ Հայաստանը դիմադրում է դրան: Եթե մարտահրավեր չնետվեն այդ սկզբունքներին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միտված բանակցությունները կարող են հանգեցնել իրավիճակի երկատման»,- ասել է նա: