Հայաստանի միակ ռեսուրսը ներսից ամրապնդումն է, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը բնական պաշարներ չունի: Այդ մասին հուլիսի 11-ին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության կազմակերպած «Եվրոպայի հերթական պատերազմը, որից կարելի է խուսափել. Լեռնային Ղարաբաղ» քննարկմանը հայտնել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:
«Մեր միակ ռեսուրսը Հայաստանը ներսից ամրացնելն է»,- նկատել է նա՝ հավելելով, որ Ասոցիատիվ համաձայնագիրը, մասնավորապես ԵՄ հետ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու ստեղծումը ընձեռում է նման հնարավորություն:
Քամբեկը նաեւ նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթներում հիմնականում այն գաղափարն է, թե Ադրբեջանն ուժեղ է շարունակում է ուժեղանալ, մինչդեռ Հայաստանը թուլանում է իր տնտեսական իրավիճակի եւ արտագաղթի պատճառով, եւ երբ Ադրբեջանը բավականաչափ հզոր լինի, ղարաբաղյան հարցը կլուծվի կամ ռազմական եղանակով, կամ գործարքի, որին Հայաստանը ստիպված կլինի գնալու: Նա ընդգծել է, որ եթե ԵՄ հետ գործընթացը տապալվի, ինչպես եւ բարեփոխումները, եթե երկիրը շարունակեն լքել մարդիկ եւ ազատ տնտեսական մրցակցություն չլինի, Իլհամ ԱԼիեւի երազանքը կկատարվի. «Բայց մենք կարող ենք Հայաստանը փրկել կործանումից»:
Նա նաեւ նշել է, թե Ասոցացման գործընթացը չի ենթադրում ԵՄ միջամտություն հակամարտությանը, քանի որ այն առաջարկվել է Արեւելյան գործընկերության բոլոր երկրին, իսկ Ադրբեջանը հրաժարվել է: «Ասոցացման գործընթացը Հայաստանի համար լավ հնարավորություն է տնային աշխատանքն անելու, որը այն այս կամ այն կերպ անելու էր»,- նկատել է Քամբեկը:





























