Ամերիկյան երկու ռազմանավեր ուղարկվել են Եգիպտոսի ափ: Կարմիր ծովի շրջան են մեկնել դեսանտային San Antonio եւ Kearsarge նավերը: Այս մասին հուլիսի 11-ին հայտնել է ԱՄՆ-ի Ծովային հետեւակների կորպուսի հրամանատար Ջեյմս Ամոսը:
Այս տարվա մայիսից նրանք մարտական հերթապահություն էին անցկացնում Կարմիր ծովի, Աֆրիկյան եղջյուրի եւ Պարսից ծոցի շրջանում՝ Carter Hall նավով հանդերձ, որն այժմ Բահրեյնի ափերում է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եգիպտոսը ճգնաժամի մեջ է: Երբ նման բաներ են կատարվում, պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք, որպեսզի վերահսկենք իրավիճակը», — ասել է Ամոսը՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ քայլերի մասին է խոսքը:
Կորպուսի ներկայացուցիչների խոսքով՝ նավերի տեղաշարժը անհրաժեշտության դեպքում կհեշտացնեն ուղղաթիռները եւ այլ տեխնիկական միավորները:





























