Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, նախագահը որոշել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ կինոգետ, «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Գուրգենի Ստամբոլցյանին պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով:

Նախագահը նաեւ որոշել է Ժողովրդական արտիստի կոչում շնորհել կինոռեժիսոր, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն Հարություն Ռուբենի Խաչատրյանին, իսկ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Գեորգիի Հարությունյանին՝ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: